ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

«ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ, ԹԵՐԱՀԱՎԱՏՈՒԹՅՈՒՆԸ, ԶՈՀԻ ԲԱՐԴՈՒՅԹԸ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ Է ՊԵՏՔ»

«ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ, ԹԵՐԱՀԱՎԱՏՈՒԹՅՈՒՆԸ, ԶՈՀԻ ԲԱՐԴՈՒՅԹԸ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ Է ՊԵՏՔ»
23.10.2009 | 00:00

«Իրավունքը de facto»-ի հարցերին պատասխանում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԸ
«ՆՈՆՍԵՆՍ Է ԵՐՐՈՐԴ ՀԱԶԱՐԱՄՅԱԿՈՒՄ ՀԱՐԵՎԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՓԱԿ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՎ ԱՊՐԵԼԸ»
-Հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների հաստատման արձանագրությունները ստորագրվել և ուղարկվել են խորհրդարաններ: Ձեր կարծիքով` երկու խորհրդարաններն էլ կվավերացնե՞ն արձանագրությունները:
-Դժվար է կանխատեսումներ անել, բայց կարծում եմ` այո՛, երկու երկրներն էլ լուրջ մտադրություններ ունեն: Տեսակետների բազմազանության պակաս էլ չկա: Բնորոշ են հույզերը, տարակարծությունները և պետական շահերի տարբեր պատկերացումները:
-Հույզերի ու պետական շահերի տարբեր պատկերացումները չե՞ն խանգարի գործընթացն ավարտին հասցնելուն:
-Ոչ, որովհետև երկու երկրներում էլ լավ գիտակցվում է, որ 21-րդ դարում ենք ապրում, ու նոնսենս է երրորդ հազարամյակում հարևան պետության հետ փակ սահմաններով ապրելը: Այսօր համաշխարհային հանրության ընդունած սկզբունքները և համակեցության ձևերն այնպիսին են, որ դժվար է որևէ մեկին բացատրել, թե ինչու ԵՄ անդամակցության ցանկություն ունեցող երկիրը, ԵԽ անդամ երկու պետություններ բախվում են փակ սահմանի իրականությանը: Այս բարդ, խրթին խնդիրը, որ բավականին ծանրաբեռնված է հույզերով, պատմական մեծ բեռ ունի, ի վերջո, վերածվելու է երկու պետությունների համակեցության ու հարևանության: Մեր դիվանագիտության պատմությունը կարճ է, պետականություն չունենալու հանգամանքը հոգեբանորեն ազդել է մեր գենետիկական մտածողության վրա, մենք սովոր չենք պետական շահով ղեկավարվելու: Այն միտքը, թե պետությունները շահեր ունեն, հաճախ մեզ համար դեռ դասագրքային ճշմարտություն է, բայց, այնուամենայնիվ, մեր պետության զարգացումների մի շրջան ենք մտնում, երբ պետք է հասկանալ, որ պետությունը շահեր ունի ու շահերով է ղեկավարվում:
-Այս ընթացքում արտահայտվեցին ամենատարբեր տեսակետներ, որոնք նաև վտանգներ ու սպառնալիքներ էին արձանագրում, իրո՞ք այդ վտանգները կան, թե՞ մենք ենք վախեցած:
-Լավ, ասենք, 1993 թ. Թուրքիան սահմանը չէր փակել, ի՞նչ էր լինելու մեզ հետ և այդ վտանգների հետ: Այդ հարցադրումը` թե վտանգավոր է, մեզ բազում անակնկալներ են սպասվում սահմանի բացումով, այն տպավորությունն է ստեղծում, որ սահմանը բացելն ավելի զարմանալի երևույթ է, քան փակելը: Եվ այդ սահմանի բացումը պիտի հիմնավորվի, հաշվարկվի, արդարացվի... Հարյուրավոր պետություններ ու ժողովուրդներ բաց սահմաններով ապրում են, համակեցության սկզբունքներն ընդունելով, պետական ու ազգային շահերը պաշտպանելով, օգուտն ու վնասը տեսնելով, վնասը նվազագույնի, օգուտն առավելագույնի հասցնելու քայլեր ձեռնարկելով` ապրում են: Հենց Հայաստա՞նն է, որ պիտի հայտնագործի վտանգից զերծ մնալու փակ սահմանի տարբերակը: Կրկնում եմ` Թուրքիան էր ու չէր փակել սահմանը, պիտի մե՞նք փակեինք, որ չվերանանք, չկործանվենք, մեր տեսակը պահպանենք...
-Վտանգների շարքում միայն տնտեսական խնդիրներ չէին, արձանագրվում էր նաև այլ պետությունների տարածքային ամբողջականությունը ճանաչելու սպառնալիքը, որ ուղղակի կապվում էր Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ: Կա՞ այդ կապը, թե՞ վերստին զգուշանում ենք:
-Դա ոչ թե կապ է, այլ ով ուզում է` այդ կապը տեսնում է: Ընդհանրապես` ով ինչ ուզում է, դա է տեսնում, ով ինչից վախենում է, ով ինչից զգուշանում է, այն էլ տեսնում է: Բայց եթե նույնիսկ դու ինչ-որ բանից վախենում ես, մերժելը վախից ձերբազատվելու միջոց չէ, միջոցը վտանգներն ու վախերը նվազագույնի հասցնելուն ուղղված քաղաքականություն վարելն է: ՀՀ-ն ՄԱԿ-ին, ԵԽ-ին, ԵԱՀԿ-ին, ԱՊՀ-ին անդամակցել է, բազմաթիվ միջազգային փաստաթղթեր ստորագրել ենք, ի՞նչն է այս փաստաթղթի զորությունը, որ այդքան աղմուկ է բարձրացվում: Պարզապես կան ուժեր, որ փորձում են հնարավոր ու անհնար փաստարկներն օգտագործել` դեմ արտահայտվելու համար: Բայց մտածենք հիմնավոր վտանգների մասին, որոնք նույնպես կլինեն, որոնք ՀՀ ղեկավարությունն այսօր տեսնում է ու մտահոգված է: Ինչո՞ւ չենք տեսնում, որ քանի տարի շարունակ Հայաստանն իր սկզբունքային դիրքորոշումը` առանց նախապայմանների հարաբերություններ, հայտարարել ու պնդել է, հանրության համար տեսանելի ու անտեսանելի ինչքան ջանքեր են գործադրվել դիվանագիտական խողովակներով` մինչև առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու Հայաստանի սկզբունքն այսօր փաստաթուղթ է դարձել: ՀՀԿ-ն իր նախընտրական ծրագրում սևով սպիտակի վրա գրել էր` տարածաշրջանի պետությունների հետ հարաբերությունների բարելավում, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրում նույնպես այդ կետը կա, «ՀՀ ազգային անվտանգության հիմունքներում»` նույնպես: Այդ ծրագրերը քննարկվել, քվեարկվել, ընդունվել են: Բոլորը հանգիստ ընդունել են, որ այդպես էլ պիտի լինի, աղմուկ-վախ-զգուշավորություն չի եղել: Իսկ ինչո՞ւ:
-Նման ծրագրերում այնքան կետեր կան, որ թղթի վրա էլ մնում են:
-Այսինքն` չենք անի, հնարավոր չի լինի, ուժներս չի պատի, բայց, արի ու տես, ասում ենք ու անում ենք: Ինչպես նախագահն է ասում` մարդիկ գործի մարդ են ու եկել են աշխատելու, խոստացածներն ու ծրագրվածները իրականացնելու:
-Հնարավո՞ր է, որ այն արագությամբ, ինչ հայ-թուրքական հարաբերություններն են զարգանում, համաձայնագրի մակարդակով լուծում արձանագրվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում:
-Ես չեմ կարծում, որ հայ-թուրքական հարաբերությունները բարձր արագություն ունեն: Մենք տեսնում ենք սառցալեռան մի մասը, որպես կանոն տեսանելին 20-30 տոկոսն է, իսկ ջրերի տակ շատ ավելի մեծ մասն է: Այդ աշխատանքի անտեսանելի մասը, որ մեր դիվանագետներն են իրականացնում նախագահի ղեկավարությամբ, ո՛չ արագ, ո՛չ հապճեպ աշխատանք է` հիմնված աշխարհաքաղաքական ու քաղաքական, տնտեսական լուրջ վերլուծությունների վրա: Երբ արձանագրությունները Ցյուրիխում ստորագրվում էին, քանի՞ երկրի ու միջազգային կազմակերպության ներկայացուցիչ կար: Այդքան երկրների ու կազմակերպությունների ղեկավարների հետ բանակցություններ են եղել` սա աշխատանքների շատ մեծ շրջանակ է: Ի՞նչ է` մի օրում գրեցին ու մի քանի ժամում ստորագրեցի՞ն: Ես չեմ կարծում, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման գործընթացն այս արագությամբ ընթանա, թեպետ շատ կցանկանայի: Այդ խնդիրը դեռ բավականին ժամանակ է ուզում` գնահատելով իրավիճակը և աշխարհում նման խնդիրների լուծման օրինակը: Թերևս բացառությամբ Կոսովոյի, որը լավ նախադեպ էր, բայց որտեղ շատ մեծ շահեր էին գործում:
«ՄԵՆՔ ԵՐԲԵՔ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՉԵՆՔ ԵՂԵԼ ԿԱՄ ԱՅՆՔԱՆ ՔԻՉ ԵՆՔ ԵՂԵԼ, ՈՐ ՀԻՇԵԼՈՒ ՇԱՏ ԲԱՆ ՉՈՒՆԵՆՔ»
-Նախագահի համահայկական ուղևորությունն ի՞նչ ցույց տվեց` հայերի միասնությո՞ւնը, թե՞ տրոհվածությունը:
-Նախ` ընդունենք, որ նախագահի համահայկական ուղևորությունը, և՛ որպես գաղափար, և՛ որպես իրականացված քայլ, աննախադեպ էր: Հայաստանի որևէ ղեկավար սփյուռքի նկատմամբ այդպիսի վերաբերմունք չի ունեցել, համահայկական հարցերում այդպիսի դերակատարություն սփյուռքին չի վերապահել: Հաշվի առնելով այն ամենը, որ այս 20 տարում ապրել ենք, սփյուռքի մասնակցությունը մեր տնտեսությանը, պետության կառուցմանը, արցախյան պատերազմին, անկեղծ լինենք ասելու, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն աննախադեպ ծրագիր իրականացրեց, որովհետև այսպիսի համահայկական ուղևորություն ու համահայկական քննարկում պատմության մեջ չունենք: Ի՞նչ տեսանք, որ միասնական չե՞նք: Մենք երբեք միասնական չենք եղել կամ այնքան քիչ ենք եղել, որ հիշելու շատ բան չունենք: Բայց ՀՀ նախագահի համահայկական այս ուղևորությունն առիթ էր, մեծագույն հնարավորություն էր` մեկ անգամ ևս բարձրաձայնելու հայկական խնդիրներն ամբողջ աշխարհի համար: Երբ Սերժ Սարգսյանը հանդիպումներ էր անցկացնում տարբեր մայրցամաքներում, լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում էին քննարկվող հարցերը: Դրանից ավելի բարձր հնչողություն հայկական որևէ հարցի վերաբերյալ դժվար էր պատկերացնել: Անկախ նրանից` ինչ անկարգություններ եղան, որոնք վայել չէին ո՛չ հայ մարդուն, ո՛չ Հայաստանի պետական պատվիրակության իրականացրած ծրագրին: Եկեք պատկերացնենք նաև նախագահի` իբրև հայ մարդու վիճակը, պատասխանատվության նրա բեռը: Բացի նրանից, որ այն աննախադեպ քայլ էր, քաղաքական գործչի, պետության ղեկավարի աննախադեպ ծրագիր էր, հասկանանք, որ նաև հայ մարդ էր այդ իրականացնողը, հայ մարդ էր այդ բոլոր` հայի համար ծանր ու դժվար, ճակատագրական խնդիրները քննարկողը, վերջապես մարդ, որ մեկ ամսում 20-30 անգամ ինքնաթիռ նստեց, 20-30 անգամ հազարավոր մարդկանց հետ շփումներում ոչ մի հարց անպատասխան չթողեց, որովհետև ներքին, խոր համոզվածություն ուներ, որ դա ճիշտ է և դա պետք է անել, փորձեց ինչքան հնարավոր է` շատ մարդկանց աչքերի մեջ նայել ու համոզել, որ այդպես պետք է անել` ես ճիշտ ձևը գիտեմ ու անում եմ, խնդրում եմ` հասկացիր, այս պահին ինձ ոչ թե քո աջակցությունն է պետք որպես ընտրողի, այլ որպես հայ մարդու քո ըմբռնումը: Որ այս ընթացքում հայկական հարցի ամենածավալուն ու ընդգրկուն քարոզչությունը կատարվեց, կասկածի տեղիք չի տալիս:
«ՄԻ՛ ԿՐԱԿԵՔ ԴԱՇՆԱԿԱՀԱՐԻ ՎՐԱ, ՆԱ ՆՎԱԳՈՒՄ Է` ԻՆՉՊԵՍ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ Է»
-Բուրսայում ֆուտբոլային դիվանագիտությունն ավարտվե՞ց:
-Ես չեմ ուզում, որ այդպես մտածենք:
-Որովհետև խաղը չոր հաշվով տանո՞ւլ տվեցինք:
-Որովհետև կարծում եմ, որ հայ-թուրքական դիվանագիտությունը ոչ թե ավարտվում, այլ սկսվում է: Ես, իհարկե, ֆուտբոլային խաղերը տանուլ չտալու կողմնակից եմ, թեև չեմ կարծում, որ մեծ հիասթափություն պիտի ապրենք, հայտնի ասույթ է` «Մի՛ կրակեք դաշնակահարի վրա, նա նվագում է` ինչպես կարողանում է»: Որ Թուրքիայի ֆուտբոլային ընտրանին աշխարհի ուժեղագույն թիմերից է, ո՞ւմ հայտնի չէ: Որ մեր ֆուտբոլն ու մեր ֆուտբոլիստները դեռ երկար ճանապարհ ունեն անցնելու մինչև հաջողությունների հանգրվանը, դա էլ մեծ գաղտնիք չէ: ՈՒրեմն` ողբերգություն չէ այսօրվա պարտությունը, եթե դաս է դառնալու վաղվա հաղթանակների համար:
-Չե՞ք կարծում, որ հայ-թուրքական հարաբերություններում գլխավորը ո՛չ այնքան սահմանի բացվել-չբացվելն է, ո՛չ այնքան այլ հարևանների հետ ունեցած հարաբերություններն են, որքան ցեղասպանությունը և պահանջատիրության բովանդակությունը:
-Ամենակարևորը, իրոք, հայ-թուրքական սահմանի բացման խնդիրը չէ, կարևորը` այդ հարաբերություններն ինչպե՞ս են զարգանալու, Հայաստան և Թուրքիա պետություններն ինչպե՞ս են կարողանալու պետական շահերը պաշտպանել:
-Դարավոր ոսոխի կերպարից դո՞ւրս գալ:
-Փոխադարձաբար դուրս գալ: Հիշենք, որ Հայաստանում էլ, Թուրքիայում էլ տասնամյակներով պաշտոնապես տաբու էր դրված այդ խնդրի վրա: Այո՛, դարավոր ոսոխի գիտակցումն այնքան խորն է մեր մեջ նստած, որ մեզ համար նույնիսկ «թուրքը» կարծես ոչ միայն ազգություն է նշանակում, այլև բնորոշում: Բայց ի՞նչ անենք, ազգովի այդ ընկալմանը պատա՞նդ մնանք, թե՞ կարողանանք հաղթահարել: Եվ մի՞թե հաղթահարելու միակ ձևն այն է, որ համարյա 100 տարվա ընթացքում կարողացել ենք հասնել նրան, որ մի քանի տասնյակ պետություն ընդունել է հայերիս ցեղասպանությունը:
«ԻՆՉՈ՞Ւ ԵՆՔ ԹՈՒՐՔԻ ՄԵՋ ՊՐՈԲԼԵՄԸ ՏԵՍՆՈՒՄ, ՄԵՐ ՄԵՋ ՏԵՍՆԵՆՔ»
-Փաստորեն, տարածաշրջանում մեզ նոր դեր ու դիրք է առաջարկվում, իսկ մենք վախենում ենք:
-Որովհետև պատասխանատվության սովոր չենք, որովհետև չենք հաղթահարել հարևանի հետ կապված բարդույթը:
-«Թուրքը մնում է թուրք» մտայնությո՞ւնը:
-Թուրքը մնում է թուրք, բայց հայն էլ հայ է մնում: Թող թուրքն իր թրքությունն անի, մենք էլ մեր հայությունը կանենք: Պարզապես պետք է պատրաստված լինել, սեփական ուժերի նկատմամբ անվստահությունը, թերահավատությունը, զոհի բարդույթը հաղթահարել է պետք: Մենք վաղուց արդեն այն գառնուկը չենք, որին միշտ մատաղ են անում, դուրս գանք այդ մորթվող գառան մորթուց, մորթվող գառան կարգավիճակից ու հոգեվիճակից: Եկեք հավատանք մեր ուժերին, եկեք հասկանանք, որ մենք պետություն ունենք, պետությունն ունի հնարավորություններ ու ներուժ, կարող է առաջնորդել իր ժողովրդին դեպի ավելի լավ իրավիճակ, նոր հաղթանակներ: Լուրջ մարդիկ ազդու ձայնով հայտարարում են` «Ո՛չ պատերազմին, այո՛ հաղթանակին»: Որ մենք 100 տարի ողբում ենք, թե մեզ սպանել են, բռնաբարել են, խաբել են, դա՞ է մեր հաղթանակը, իսկ այն, որ պետական խնդիրները լուծելու ենք գնում, մեր պարտությո՞ւնն է: Ախր, այդպես չէ: Իսկ եթե այս հակամարտության մեջ մենք տանուլ ենք տալու, ուրեմն մեր ճակատագիրը սա է, մեր ռեսուրսներն այսքան էին, այսքան ուժ ունեինք, ուրեմն չորս հազարամյակ գոյատևած ժողովուրդն իրեն սպառել է, ուրեմն ո՛չ թե մեր սահմանների ներսում պահածոյացվելով` մտածենք, թե սա է գոյատևելու ձևը, այլ բաց ճակատով ու ամբողջ հասակով քայլենք համաշխարհային հանրության հետ հավասար: Կքայլե՞նք` կեցցենք, կգոյատևե՞նք` կեցցենք: Չե՞նք գոյատևի` ո՞ւմ ենք մեղադրելու: Մեզ: «Բաբելոնն է եղել մեր ախոյանը, տես»... Դա էլ է եղել: Կարծում եմ` ուղղակի ոչինչ չանելու համար հարմար փաստարկ է` թուրքերը կգան, մեր հողերը կառնեն, մեր աղջիկների հետ կամուսնանան: Աղջիկներին այնպես դաստիարակենք` չամուսնանան, օրենքներն այնպիսին դարձնենք` հողերը չառնեն: Ինչո՞ւ ենք թուրքի մեջ պրոբլեմը տեսնում, մեր մեջ տեսնենք: Իսկ պետության առաջ էլ խնդիրներ դնենք` անհրաժեշտն անի տնտեսությունը պաշտպանելու, ընթացակարգերն ու որոշումներն ընդունի փոխհարաբերությունների կանոնակարգման համար: Բազմաթիվ քայլեր կան, որ կառավարությունը մշակում է: Պարզապես չվախենանք հայ լինելուց ու չվախենանք ուժեղ լինելուց:
Զրուցեց Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ

Դիտվել է՝ 1635

Մեկնաբանություններ